Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նստաշրջանի աշխատանքն ամփոփելիս պատգամավորները չմոռացան նաև լրագրողներին: Հիշողը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էր: «Լրագրողները ևս մեկ ծանր փորձություն ավարտեցին: Հուսով եմ, որ վնասվածք ստացող լրագրողներ չեն եղել: Ավելի հանգիստ նստաշրջան էր, իսկ աշնանից կսկսվի բուռն, լարված, նախընտրական շրջան»,- հայտարարեց պատգամավորը, ով քաղաքական գործիչների «վնասվածքների» առումով բավականին հոռետես էր:
«Քաղաքական գործիչները վնասվածքներ են ստանում ամեն օր: Վերջին շրջանում քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր, դեռ երկու տարի առաջ են սկսել իրենց նախընտրական քարոզչությունը: Մենք կարծում ենք, որ միշտ չէ, որ շատ խոսելը, անընդհատ հարցեր բարձրացնելը արդյունավետ եղանակ է՝ գերադասելով հանգիստ ու ծանրակշիռ աշխատելու տարբերակը: Քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ վնասվածք ստանում են, այնպես որ՝ մեր գործն ավելի բարդ է, քան լրագրողներինը»,- ասաց վնասվածքների «տեսաբան» Աղվան Վարդանյանը:
Լրագրողները վնասվածքների թեման խորացրին ու հարցրին` ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունից հետո վնասվածք ստացե՞լ է: «Հիմա ես մի բառ ասացի ու լրագրողները սկսեցին սևեռվել «վնասվածք» բառի վրա: Այո, վնասվածք ստացել ենք, բայց դա կապ չունի քաղաքական համագործակցության հետ»,- թեման փակեց դաշնակցական գործիչը:
Մենաշնորհների դեմ պայքարի դաշնակցության ակտիվ դերակատարի` Արծվիկ Մինասյանի «փոխվելու» առնչությամբ էլ նրա կուսակիցը վստահեցրեց. «Արծվիկ Մինասյանը 10-ից ավելի տարիներ բոլորի համար եղել է ամենահրապարակային քաղաքական գործիչներից մեկը: Եվ տնտեսական քաղաքականության մասին, մենաշնորհների մասին նրանից ավելի հետևողական, պրոֆեսիոնալ ես ուրիշ քաղաքական գործչի չգիտեմ: Եվ հանկարծ մի արտահայտությունից մեր հանրության մի հատվածը, այդ թվում` որոշ լրատվամիջոցներ, կառչեցին ու փորձեցին Արծվիկին դարձնել իր տեսակի հակառակը: Հանրությունը շատ լավ ճանաչում է Արծվիկ Մինասյանին, բոլորը նրան գնահատում են և նրա հանդեպ շատ դրական վերաբերմունք ունեն»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ